Ի՞նչ է սննդային ալերգիան և ո՞րն է սննդային ալերգիայի և թերընկալության տարբերությունը

Սննդի հանդեպ անբարենպաստ ռեակցիաները կարող են զարգանալ և սննդային ալերգիայի, և թերընկալության պատճառով, որոնք թեև հաճախ ընդհանրացվում են, սակայն իրականում էականորեն տարբեր իրավիճակներ են:
Սննդային ալերգիան օրգանիզմի իմունային համակարգի խեղաթյուրված պատասխանի հետևանքով առաջացած գերզգայունությունն է սննդամթերքի, իսկ ավելի հստակ` նրա մեջ պարունակվող որոշակի ալերգենի հանդեպ: Արդյունքում, տվյալ սննդամթերքի օգտագործումը, օրգանիզմում կենսաբանորեն ակտիվ մի շարք նյութերի, այդ թվում հիստամինի արտազատման միջոցով, բերում է տարբեր ծանրության, մինչև անգամ կյանքին սպառնացող ալերգիկ նշանների առաջացմանը:
Ի տարբերություն սննդային ալերգիայի, սննդային թերընկալության դեպքում իմունային համակարգը չի ներգրավվում և դիտվում են համեմատաբար մեղմ, կյանքին չսպառնացող ախտանշաններ: Որպես օրինակ կարող է հանդիսանալ կաթնաշաքարի/լակտոզայի թերընկալությունը, որը ուղեկցվում է որովայնի ցավերով, վքնածությամբ և լուծով:

Ինչպիսի՞ սննդամթերքի օգտագործումն է հանգեցնում սննդային ալերգիայի

Չնայած, յուրաքանչյուր սննդամթերք կարող է դառնալ ալերգիկ ռեակցիայի պատճառ, այդուհանդերձ դրանք առավել հաճախ պայմանավորված են մի քանի հիմնական սննդատեսակներով, որոնց կազմը կարող է փոքր-ինչ տարբերվել կախված աշխարհագրական դիրքից և ազգային սննդային ավանդույթներից: Ընդունված առավել տարածված 8 հիմնական ալերգեններն են` կաթը, ձուն, ցորենի ալյուրը, սոյան, գետնանուշը, ընկուզեղենը, ձկնեղենը և ծովամթերքը:

Որո՞նք են սննդային ալերգիայի ախտանշանները

Սննդի հանդեպ ալերգիկ ռեակցիաների ժամանակ առաջացող ախտանշանները բազմազան են, թե իրենց ձևով, թե տեղակայմամբ, թե ծանրության աստիճանով: Առավել հաճախ դիտվում են. մաշկի քորով ուղեկցվող մանր կամ բլիթներով ցան (եղնջացան) և/կամ այտուց, բերանի խոռոչի, քիմքի, քիթըմպանի քոր, ավելի հազվադեպ՝ քթահոսություն, միգրենանման գլխացավ: Եթե մաշկային երևույթներին գումարվում են սրտխառնոց, որովայնային ցավեր, փորլուծություն, հևոց, դժվարացած շնչառություն, ձայնի խռպոտացում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն՝ հավանաբար զարգանում է անաֆիլաքսիա, որը կյանքին վտանգ սպառնացող և անհապաղ օգնություն պահանջող վիճակ է: Այդ վիճակի առավել ծանր դրսևորումը՝ անաֆիլակտիկ շոկն է, որի դեպքում դիտվում է զարկերակային ճնշմնան կտրուկ անկում և գիտակցության կորուստ: Բարեբախտաբար, այդպիսի ռեակցիաները համեմատաբար հազվադեպ են պատահում:
Ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս պատճառային սննդամթերքի օգտագործումից մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ անց: Ավելի հազվադեպ կարող են դիտվել նաև ուշացած ռեակցիաներ, որոնք զարգանում են սննդամթերքի օգտագործումից 24-48 ժամ անց:

Ինչպե՞ս է ախտորոշվում սննդային ալերգիան

Վաղ մանկական հասակում ի հայտ եկող սննդային ալերգիան կյանքում առաջին ալերգիկ վիճակն է, որի հիման վրա այնուհետև կարող են ձևավորվել ալերգիկ հիվանդությունները` ատոպիկ դերմատիտը, բրոնխային ասթման, ալերգիկ ռինիտը և այլն: Մյուս կողմից, որպես երկրորդային վիճակ, սննդային ալերգիան կարող է հայտնաբերվել արդեն զարգացած ալերգիկ հիվանդությունների, մասնավորապես սեզոնային ալերգիայի դեպքում, հաճախ արտահայտելով հատկապես բուսական ծագում ունեցող սննդամթերքի և ծաղկափոշու միջև խաչաձև ռեակցիաները:
Այսպիսով, սննդային ալերգիայի հստակ ախտորոշումը շատ կարևոր և միևնույն ժամանակ բարդ գործընթաց է, որում մեծ տեղ է զբաղեցնում «պացիենտ – բժիշկ» համագործակցությունը: Բժշկին էականորեն կարող են օգնել հիվանդի գրառումներն այսպես կոչված «սննդային օրագրի» տեսքով, որի վերլուծությունից և պացիենտի հետ մանրամասն զրուցելուց ու նրան զննելուց հետո, նշանակվում են լրացուցիչ լաբորատոր – գործիքային հետազոտություններ և կատարվում է հատուկ ալերգաախտորոշում: Ալերգաախտորոշման հիմնական եղանակն է մաշկային ալերգիկ թեստավորումը, որն իրականացվում է միայն բժիշկ-ալերգոլոգի կողմից: Եթե մաշկի վիճակը այնպիսին է, որ անհնար է կատարել մաշկային փորձերը, ինչպես նաև որոշ այլ դեպքերում՝ մասնագետի նշանակմամբ կարող է կատարվել ախտորոշման մեկ այլ եղանակ. արյան շիճուկում տարբեր, այդ թվում նաև սննդային ալերգենների հանդեպ IgE հակամարմինների մակարդակի որոշում: Բացի այդ, երբեմն ալերգենը հստակ պարզելու համար կարող է պահանջվել հրահրման թեստ անցկացնել, որը նույնպես իրականացվում է միայն բժիշկ-ալերգոլոգի կողմից՝ պահպանելով հատուկ անվտանգության պայմանները:

Ինչպե՞ս է բուժվում սննդային ալերգիան

Ալերգիան քրոնիկ վիճակ է, որի ժամանակ ալերգիկ գերզգայունություն առաջացնող սննդամթերքի օգտագործումը կարող է հետզհետե հանգեցնել սրացումների, հատկապես ձևավորված ալերգիկ հիվանդությունների դեպքում: Նման զարգացումների մասին հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին, որը կախված ալերգիկ ռեակցիայի ուժգնությունից, կնշանակի համապատասխան բուժում:
Եթե սրացումները ծանր չեն, ապա հիվանդի վիճակը կարելի է բարելավել սննդակարգի փոփոխման և պատճառային սննդամթերքի սահմանափակման միջոցով: Խնդիրն այն է, որ եթե կովի կաթի, ձվի կամ մրգեղենի նկատմամբ ձևավորված գերզգայունությունը կարող է տարիքի հետ և/կամ ժամանակի ընթացքում նվազել, ապա կան սննդատեսակներ, օրինակ ձկնամթերքը և ընկուզեղենը, որոնց նկատմամբ առաջացած գերզգայունությունը պահպանվում է ամբողջ կյանքում և հանդիսանում է առավել ուժգին ռեակցիաների պատճառ: Այդ դեպքերում ալերգենային սննդատեսակները բացառվում են:
Բացի այդ, հատկապես ուժգին ռեակցիաների դեպքում, անհրաժեշտ է նաև դեղորայքային բուժում: Հարկ է նշել, որ սուր ռեակցիաների առաջացման հակվածության դեպքում, կյանքին սպառնացող վտանգի նվազեցման նպատակով, բժշկի կողմից մշակվում է նաև գործողությունների պլան, որով պետք է առաջնորդվեն հիվանդը և նրա հարազատները:

Ինպե՞ս կարելի է կանխարգելել սննդային ալերգիան

Սննդային, ինչպես և այլ ալերգիաների զարգացման համար մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Այդ պարագայում պետք է սկսել նախածծնդյան կանխարգելումից՝ հղի կնոջ սննդակարգի միջոցով: Այնուհետև, կարևորվում է երեխայի կրծքով սնուցումը առնվազն մինջև 6 ամսականը, հավելակերերի ճիշտ ներմուծումը և այլ սննդակարգային մոտեցումներ, որոնք պետք է իրականացնել բժիշկների վերահսկողության ներքո մանկական հասակում, երբ սկսում են ձևավորվել քրոնիկ ալերգիկ հիվանդությունները:
Եթե ալերգիկ ռեակցիաները սուր են (թեև դրանք հաճախ առաջանում են քրոնիկ ալերգիկ հիվանդությունների առկայության դեպքում), ապա կարևոր է.
• զգուշություն պահպանել և խուսափել պատահական վայրերում սնվելուց
• տեղեկանալ սննդատեսակի բաղադրության մասին, և որևէ տեղ սնվելիս, և խանութում գնելիս ուշադիր ուսումնասիրելով պիտակները
• տեղյակ պահել ալերգիկ վիճակի մասին ընկերներին, ինչպես նաև ուսումնական հաստատության կամ աշխատավայրի բուժկետում, ճաշարանում և այլն
• միշտ կրել բժշկի կողմից նշանակված ալերգիայի տարբերանշանը կամ «Ալերգիայի անձնագիրը», որտեղ նշված է, թե որ ալերգեններն են առաջացնում ռեակցիա
• միշտ ունենալ շտապ օգնության դեղամիջոցը (ադրենալին/էպինեֆրին, ցանկալի է ինքնաներկարկիչի տեսքով), կամ այլ դեղամիջոցներ, որոնք նշանակվում են միայն բժշկի կողմից:


  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՆՆԴԱԿԱՐԳ ՍՆՆԴԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՅԻ ԴԵՊՔՈԻՄ  
ԲացառելԿարելի է օգտագործել  
1. Սպիտակ հաց խմորիչով1. Սև կամ առանց խմորիչի սպիտակ հաց, լավաշ
2. Կաթ, պաղպաղակ2. Ցածր յուղայնությամբ կաթնամթերք` մածուն, յոգուրտ, կեֆիր, պանիր, կաթնաշոռ  
3. Ձու և դրանից պատրաստված ուտեստներ3. Կարագ, ձիթապտղի կամ եգիպտացորենի ձեթ
4. Թրչնամիս4. Տավարի եփած միս  
5. Ձկնամիս և ծովամթերք5. Բանջարեղենային ապուրներ առանց մսային արգանակի
6. Ապխտած, պահածոյացված ուտեստներ, երշիկեղեն  6. Շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված կարտոֆիլ
7. Մանանեխ, մայոնեզ, կետչուպ և այլ կծու համեմունքներ7. Ձավարեղենով պատրաստված փլավներ, շիլաներ
8. Ընկուզեղեն  8. Լոբազգի հատիկավորներ
9. Բանջարեղեն` լոլիկ, սմբուկ, բողկ, գազար, նեխուր, սունկ9. Բանջարեղեն` թարմ վարունգ, կանաչեղեն, դդմիկ, կաղամբ
10. Մրգեղեն` կարմիր կեղև ունեցող, հատապտուղներ, կիվի, բանան, ցիտրուսային, անանաս, խաղող10. Մրգեղեն` խնձոր, տանձ առանց կեղևի կամ շոգեխաշած
11. Մեղր, մուրաբաներ11. Շաքարավազ  
12. Սուրճ, կակաո, շոկոլադ12. Մրգային թարմ կոմպոտներ` խնձորից, տանձից, սալորից, չրեղենից
13. Գազավորված ըմպելիքներ  13. Գազազերծված հանքային ջրեր
14. Ալկոհոլային խմիչքներ  14. Թեյ կանաչ` ուրցով, դաղցով, երիցուկով