«Դեղորայքային ալերգիան Հայաստանում. խնդիրները և դրանց լուծման ուղիները» թիվ 18T-3B157 թեմատիկ գրանտային ծրագիրն իրականացվել է 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2020թ. օգոստոսի 31-ը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեյի ֆինանասավորմամբ, ծրագրի ղեկավար՝ Զարուհի Գևորգի Կալիկյան: Ծրագիրը նպատակ ուներ լայնորեն ուսումնասիրել դեղորայքային ալերգիայի խնդրի տարբեր կողմերը,  կատարել իրավիճակային վերլուծություն և առաջարկել գիտականորեն հիմնավորված լուծումներ՝ նպաստելով դեղորայքային ալերգիկ ռեակցիաների կանխարգելման մակարդակի բարձրացմանը: Ծրագրի ընթացքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ. կատարվել են հետազոտություններ ՀՀ բնակչության և բուժաշխատողների շրջանում, մշակվել և ներդրվել է դեղորայքային ալերգիայի ախտորոշման և վարման ուղեցույցը, հստակեցվել են դեղորայքային ալերգիայի ախտորոշման գործող ընթացակարգերը, ստեղծվել է ծանր դեղորայքային ռեակցիաներով պացիենտների էլեկտրոնային տվյալների բազա, որը ներառում է Համալսարանական կլինիկաներում դեղորայքային ռեակցիաների կապակցությամբ բուժում ստացած պացիենտներին և ունի համալրման հնարավորություն, ստեղծվել է դեղորայքի բազա, որտեղ ընդգրկված են պատճառային, դրանց հետ խաչաձև ազդող, ինչպես նաև այլընտրանքային դեղամիջոցների ցանկերը: Բացի այդ, մշակվել են մի շարք տեղեկատվական նյութեր՝ թե բժիշկների, թե պացիենտների համար:  Նախագծի շրջանակներում արդեն իսկ հրատարակվել և նախապատրաստվել են հրատարակման շուրջ 15 գիտական աշխատանքներ: Հաստատման է նախապատրաստվում «Դեղորայքային ալերգիայով պացիենտների վարման ընթացակարգը»՝ Հայաստանի բուժհաստատություններում ներդնելու համար: